Կյանքը

Ազատ Արմենի Այվազյանը ծնվել է 2000 թվականի օգոստոսի 29-ին՝ Հայաստանում՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում: Հերոսն ընտանիքի սպասված անդրանիկ զավակն էր և նրա ծնունդը մեծ ուրախություն բերեց: Լոռվա մաքուր, շիտակ ու պարզ բնությունն իր մեջ կրելով՝ մեծանում էր Ազատը: Մարդիկ նրան յուրօրինակ ջերմությամբ էին վերաբերվում, քանի որ  իր  համեստ, բարի, խելացի, երբեմն՝ ամաչկոտության հասնող զուսպ, անկեղծ բնույթով Ազատը սիրելի էր դառնում բոլորին: Մերօրյա հերոսը հաճախել է Սպիտակի համար 1 հիմնական դպրոց, որը, 2016 թվականին ավարտելով՝ սկսել է հաճախել Սպիտակի պետական քոլեջ: Ազատը սիրում էր նաև սպորտով զբաղվել: Նա մեծ աշխատասիրությամբ էր օժտված. դեռևս պատանի հասակում, տարբեր նկատառումներից ելնելով, Ազատն սկսեց աշխատել: Նրա մաքուր էությունն աննկատ չմնաց նաև գործընկերների համար. իր հանգստությամբ ու հեզությամբ նա այնքան հարազատ դարձավ աշխատակիցներին, որ մինչ այժմ էլ հերոսի անունը լսելիս խոսում են նրա ջինջ մարդ-տեսակից:

Պետական քոլեջն ավարտելուց հետո՝ 2019 թվականի հունվար ամսին, հերոսն ուղևորվեց հայկական բանակ: Ցավոք, 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմում իր հերոս եղբայրների հետ անմահացավ նաև բոլորին այնքան սիրելի Ազատը, որն ընդամենը 2 ամսից կավարտեր զինվորական ծառայությունն ու կուղևորվեր հայրենի քաղաք, ուր ամենքն անհամբերությամբ սպասում էին նրա վերադարձին: