Գործը

2020 թվականի չարաբաստիկ աշունը  երբեք չի ջնջվի հայ ազգի սրտից: Դա այն աշունն էր, երբ ավելի քան 4000 ընտանիք կորցրեց իր գարունն ընդմիշտ: Այդ սև օրը պատուհասեց նաև Այվազյան ընտանիքին, երբ Ազատի երիտասարդ կյանքն անավարտ մնաց: Ազատի եղբայրը՝ Արամը, բանակում եղբորը միացավ 1 տարի անց, և ընտանիքն արդեն սկսեց սպասել 2 զինվորի վերադարձին:

Երբ սկսվեց արյունոտ պատերազմը,

եղբայրները քաջաբար կռվում էին ու հաճախ էին կապվում ընտանիքի հետ՝ վստահեցնելով, որ ամեն ինչ շուտով լավ ավարտ կունենա, և մայրն էլ իր ներքին ողջ ուժով վստահ էր, որ առյուծ որդիները ողջ և առողջ կվերադառնան, սակայն Ազատի զանգը սկսեց ուշանալ և հերոսացման ցավալի բոթը հասավ Լոռի:

Ազատն անմահացավ իր լավ ընկերոջ՝  Արկադի Քոչարյանի կողքին, ով նրա եղբայրն էր դարձել: Երկու հերոսներն էլ վիրավորվեցին թշնամու արկից և իրենց գարուն-կյանքն ու ընտանիքի առմիշտ կորցրած ժպիտը նվիրեցին բոլոր հայերին: Նրանք չէին խոսել հայրենիքի, մարդասիրության, հերոսության, քաջության մասին, այլ մեզ ցույց տվեցին, թե ինչ են նշանակում այդ հատկանիշները՝ ցավոք, մեզնից հեռանալու գնով: Ազատի ու նրա բոլոր զինակիցների անունները պետք է ծանոթ ու հարազատ լինեն մեզ և մեր սերունդներին. դեռ մայրենի լեզուն սովորելուց առաջ հայ երեխաները պետք է իմանան այս անունները և այն գինը, որով իրենց ծնողները և իրենք ապրում են: